12 February 2017

Հեքիաթ «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»

Կար, չկար՝ մի արքայազն կար։ Նա ուզում էր ամուսնանալ մի արքայադստեր հետ, միայն թե իսկական արքայադուստր լիներ։ Շատ աշխարհներ ման եկավ արքայազնը, որպեսզի իր ուզածը գտնի, բայց իզուր։
Արքայադուստրեր շատ կային, բայց իսկական արքայադո՞ւստր էին նրանք, թե՞ ոչ՝ ոչ մի կերպ պարզել չէր կարողանում արքայազնը. բոլորն էլ ինչ-որ մի պակասություն էին ունենում։ Եվ ահա, նա տուն վերադարձավ շատ վշտացած. չէ՞ որ շատ էր ուզում իսկական արքայադուստր գտնել։


Մի անգամ երեկոյան եղանակը խիստ վատացավ. որոտում էր ամպրոպը, փայլատակում էր կայծակը, անձրևն այնպես էր թափվում, ինչպես դույլով ջուր թափես։
 Ահա այդ ժամին քաղաքի դարպասը բախեցին, և ծերունի թագավորը գնաց բանալու։
Դարպասի առաջ կանգնած էր մի արքայադուստր։ Բայց, տե՜ր Աստված, ինչի՞ էր նման նա։ Ջուրը հոսում էր մազերից ու հագուստից, լցվում մաշիկների մեջ և դուրս հոսում կրունկներից, բայց նա ասում էր, թե ինքն արքայադուստր է։
«Դա մենք ինքնե՛րս կստուգենք»,— մտածեց ծեր թագուհին, բայց ոչինչ չասաց, մտավ ննջարան։ Այստեղ նա մահճակալից հավաքեց բոլոր ներքնակներն ու բարձերը, տախտակի վրա մի սիսեռահատիկ դրեց, հետո այդ հատիկը ծածկեց տասներկու ներքնակով, իսկ ներքնակների վրա էլ՝ տասներկու հատ վերմակ դրեց, որոնք լցված էին փափուկ բմբուլով։
Արքայադստերը պառկեցրին այդ մահճակալին, և նա ամբողջ գիշերն այդտեղ պառկած մնաց։
Առավոտյան նրան հարցրին, թե՝ ինչպե՞ս քնեց։
— Օ՜հ, սոսկալի վատ,— ասաց արքայադուստրը,— ամբողջ գիշերը համարյա աչքս չեմ փակել։ Աստված գիտե, թե ի՛նչ էր ընկել իմ անկողնու տակ. ես պառկած էի ինչ֊որ մի կոշտ բանի վրա, և հիմա ամբողջ մարմինսկապտուկներով է ծածկվել։
Ուղղակի սարսափելի՜ է։
Ահա այդտեղ բոլորը հասկացան, որ դա իսկական արքայադուստր է. չէ՞ որ նա տասներկու ներքնակի ու տասներկու վերմակի տակից էլ զգացել էր սիսեռահատիկի կոշտությունը։ Այդքան քնքուշ և զգայուն կարող էր լինել միայն իսկական արքայադուստրը։
Արքայազնը նրան կին վերցրեց իրեն, վերջապես չէր կասկածում, որ իսկական արքայադուստր է գտել։ Իսկ սիսեռահատիկը տարան դրին թանգարանում և, եթե որևէ մեկը չի գողացել՝ մինչև հիմա էլ դրված է այնտեղ։

Share: