24 September 2017

Հեքիաթ «Թռչող սնդուկը»

Կար, չկար՝ մի վաճառական կար, այնքան հարուստ, որ կարող էր արծաթե դրամներով սալահատակել մի ամբողջ փողոց, դեռ մի նրբանցք էլ հետը։ Բայց նա այդպիսի բան չէր անում, իր փողերն ուրիշ կերպ էր ծախսում և, եթե
մի սկիլլինգ փող էր ծախսում՝ փոխարենը մի ամբողջ թալեր էր վաստակում։ Ահա թե ինչպիսի վաճառական էր նա։ Եվ մի օր էլ, հանկարծ՝ նա մեռավ։



Նրա կուտակած բոլոր փողերը մնացին իր որդուն։ Իսկ որդին սիրում էր ուրախ կյանք վարել. ամեն գիշեր լինում էր դիմակահանդեսում, ցերեկը թղթադրամներից օդապարուկներ էր շինում և քարի տեղը ոսկի էր գցում լճակի մեջ, որ ջուրը շրջանաձև ալիքներ տա, ու ինքը զվարճանա։ Զարմանալի չէ, որ շատ շուտով բոլոր փողերը նրա մատների արանքով հոսեցին, և վերջիվերջո այդ ամբողջ ժառանգությունից մնաց միայն չորս սկիլլինգ, իսկ հագուստից՝ միայն մի հին խալաթ և մի զույգ մաշիկ։ Նրա ընկերները նրան այլևս ճանաչել անգամ չէին ուզում, նույնիսկ ամաչում էին հետը փողոց դուրս գալ։

Բայց ընկերներից մեկը, մի բարեսիրտ մարդ, նրան մի հին սնդուկ ուղարկեց և ասաց. «Ունեցած֊չունեցածդ դարսիր սրա մեջ»։
Շա՛տ լավ, բայց նա այլևս ոչինչ չուներ, ի՞նչ դներ սնդուկի մեջ։ Եվ ահա, իրերի փոխարեն տղան ի՛նքը նստեց սնդուկի մեջ։
Իսկ սնդուկը հասարակ սնդուկ չէր. բավական էր փականը սեղմեիր՝ սնդուկն իսկույն օդ էր բարձրանում։ Վաճառականի տղան այդպես էլ արեց. սեղմեց և, ֆը՜ռռ՝ սնդուկը դուրս թռավ ծխնելույզից ու նրան տարավ բա՜րձր֊բա՜րձր, ուղիղ ամպերի տակ, միայն թե հատակը ճրթճրթում էր։ Այդ պատճառով էլ վաճառականի որդին սաստիկ վախենում էր, թե ահա ու որ է՝ սնդուկը փշուր֊փշուր կլինի. այ թե կշրմփա գետնին, հա՜, Աստվա՜ծ փրկի։

Բայց, ահա, վաճառականի տղան բարեհաջող հասավ Թուրքիա, սնդուկն անտառում թաղեց չոր տերևների շեղջի մեջ, իսկ ինքը գնաց քաղաք։ Այստեղ նա քաշվելու պատճառ չուներ. չէ՞ որ Թուրքիայում բոլորը խալաթով և մաշիկներով են ման գալիս։ Փողոցում պատահեց մի կին՝ ծծկեր երեխան գրկին, և վաճառականի տղան հարցրեց.

— Լսիր ինձ, տաճի՛կ մամիկ, ո՞վ է ապրում քաղաքի մոտի այն պալատում, որի պատուհաններն այնքան բարձր են գետնից։

— Այնտեղ թագավորի աղջիկն է ապրում,— ասաց թրքուհին։— Նրան գուշակել են, որ իր փեսացուի պատճառով դժբախտանալու է, և ահա՝ ոչ ոք չի կարող նրա մոտ գնալ առանց թագավորի ու թագուհու ներկայության։

— Շնորհակալ եմ քեզանից,— ասաց վաճառականի տղան, ետ գնաց անտառ, նստեց իր սնդուկն ու թռավ ուղիղ դեպի պալատի կտուրը և լուսամուտից մտավ թագավորի աղջկա սենյակը։

Արքայադուստրը քնած էր բազմոցի վրա և այնքան լավիկն էր, որ վաճառականի տղան չդիմացավ ու համբուրեց նրան։ Աղջիկն արթնացավ և, անծանոթին տեսնելով, շատ վախեցավ։ Բայց վաճառականի տղան ասաց, թե ինքը թուրքերի աստվածն է, նրա մոտ է եկել օդում թռչելով, և աղջկան դա շատ դուր եկավ։
Նրանք կողք կողքի նստեցին, և տղան սկսեց հեքիաթներ պատմել։ Պատմեց աղջկա չքնաղ, մութ աչքերի մասին, որոնց մեջ լողում են իմաստության հավերժահարսները։
Պատմեց նրա ճերմակ ճակատի մասին. «Դա,— ասաց,— ձյունապատ լեռ է, որն իր մեջ թաքցրել է հրաշալի դահլիճներ ու պատկերներ»։ Վերջապես, պատմեց այն արագիլի մասին, որը մարդկանց համար սիրուն մանկիկներ է բերում։
Այո, հրաշալի հեքիաթներ էին դրանք։ Իսկ հետո վաճառականի տղան խնդրեց արքայադստեր ձեռքը, և աղջիկն իսկույն համաձայնեց ամուսնանալ նրա հետ։

— Բայց դուք պետք է գաք շաբաթ օրը,— ասաց արքայադուստրը։— Այդ օրը թագավորն ու թագուհին ինձ մոտ կգան մի բաժակ թեյ խմելու։ Նրանք շատ ուրախ կլինեն, որ ես թուրքական աստծու հետ եմ ամուսնանում։ Բայց դուք աշխատեք նրանց լավ֊լավ հեքիաթներ պատմել, իմ ծնողները հեքիաթներ շատ են սիրում։
Միայն թե մայրս լուրջ ու խրատական հեքիաթներ է սիրում, իսկ հայրս՝ ուրախ հեքիաթներ. այնպես, որ կարելի լինի ծիծաղել։
— Դե՛, ուրեմն ես ոչ մի հարսանյաց նվեր չեմ բերի, բացի հեքիաթներից,— ասաց վաճառականի տղան։ Այդպես էլ նրանք բաժանվեցին, բայց հրաժեշտ տալիս
արքայադուստրը նրան նվիրեց մի թուր, որի պատյանն ամբողջապես զարդարված էր
ոսկե դրամներով, և հենց դրամն էր, որ պակասում էր տղային։_*

Տղան իսկույն թռավ բազար, իր համար մի նոր խալաթ գնեց, ապա գնաց, անտառում նստեց՝ հեքիաթ հորինելու։ Չէ՞ որ հարկավոր էր մինչև շաբաթ օրը մի լավ հեքիաթ հորինել, իսկ դա այնքան էլ հեշտ բան չէ, ինչպես թվում է։

Ահա հեքիաթն արդեն պատրաստ էր, և շաբաթ օրն էլ հասավ։ Թագավորը, թագուհին և բոլոր պալատականները հավաքվեցին արքայադստեր մոտ։ Հրամայված էր թեյ պատրաստել, և վաճառականի տղային այնպես ընդունեցին, որ դրանից լավ լինել չէր կարող։

— Հապա՛, մի հեքիաթ պատմեք մեզ,— ասաց թագուհին։— Միայն թե՝ լուրջ ու խրատական հեքիաթ լինի։

— Բայց այնպես, որ միաժամանակ ծիծաղենք,— ավելացրեց թագավորը։

— Շա՛տ լավ,— ասաց վաճառականի տղան։— Դե՛, լսեք։

Եվ սկսեց պատմել.

«Կար, չկար՝ մի տուփ լուցկի կար։ Լուցկու հատիկները շատ էին հպարտանում իրենց բարձր ծագումով։ Նրանց տոհմի ավագը, այսինքն այն սոճին, որից նրանք բոլորը ծնվել էին, անտառի ամենախոշոր ու հին ծառերից մեկն էր եղել։ Այժմ լուցկու հատիկները պառկած էին դարակում, հրահանի և երկաթե փոքրիկ կաթսայի միջև, և հարևաններին պատմում էին իրենց մանկության մասին։

— Այո, լավ էինք ապրում մենք, երբ դեռ ջահել էինք ու կանաչ (չէ՞ որ մենք, իսկապես, մի ժամանակ կանաչ ենք եղել),— ասում էին նրանք։— Ամեն առավոտ և ամեն երեկո մենք խմում էինք ադամանդանման թեյ, այսինքն՝ ցող։ Ամբողջ օրն արևը լուսավորում էր մեզ, իսկ թռչնակները հեքիաթներ էին պատմում։ Մենք շատ լավ էինք հասկանում, որ հարուստ ընտանիքից ենք. սաղարթավոր ծառերը միայն ամռանն էին հագնվում, իսկ մենք այնքան միջոցներ ունեինք, որ ձմռանն էլ կանաչ հագուստ էինք հագնում։ Բայց, ահա, մի անգամ եկան փայտահատները, և սկսվեց մեծ հեղաշրջումը։ Եվ մեր ընտանիքը ցրվեց աշխարհով մեկ։ Ընտանիքի գլխավորը բունը, միջնակայմի պաշտոն ստացավ մի մեծ նավի վրա, որը կարող էր շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, եթե միայն ուզենար։ Ճյուղերը ցրիվ եկան այս ու այն կողմ, իսկ մեզ, ահա, բախտ վիճակվեց ծառայել որպես ամբոխի լուսատուներ։ Ահա թե ինչու մենք՝ ազնվածիններս, ընկել ենք խոհանոց։

— Իսկ իմ բախտը ուրիշ է,— ասաց փոքրիկ կաթսան, որի կողքին պառկած էին լուցկու հատիկները։— Իմ աշխարհ գալու հենց սկզբից ինձ անվերջ մաքրում են, քերում և դնում կրակի վրա։ Առանց ինձ յոլա գնալ ընդհանրապես չի լինի և, ճիշտն ասած՝ այս տան մեջ առաջին տեղն եմ բռնում։ Իմ միակ բավականությունն այն է, որ ճաշից հետո, ահա այսպես մաքուր֊մաքուր պառկում եմ դարակին և հաճելի զրույց սկսում ընկերներիս հետ։ Մենք բոլորս, ընդհանրապես, շատ տնակյաց ենք, եթե չհաշվենք դույլը, որը երբեմն գնում է բակ։ Իսկ նորությունները մենք իմանում ենք միայն մթերեղենի զամբյուղից. չէ՞ որ նա հաճախ է գնում շուկա։ Բայց պիտի ասեմ, որ նա շատ սուր լեզու ունի և կառավարության ու ժողովրդի մասին չափազանց խիստ է արտահայտվում։ Մի քանի օր առաջ, նրա պատմությունները լսելով՝ մեծ թաղարը սարսափից ցած ընկավ դարակից և փշուր֊փշուր եղավ։ Այո, կարող եմ ասել, որ նա՝ այդ զամբյուղը, չափազանց ձախ է։

— Բավակա՛ն է, դու արդեն չափից ավելի շատախոսեցիր,— հանկարծ ասաց հրահանը և այնպես ամուր հարվածեց կայծքարին, որ կայծերը դեսուդեն ցրվեցին։— Ավելի լավ չի՞ լինի՝ երեկույթ սարքենք։

— Ո՜չ, խոսենք այն մասին, թե մեզանից ով է ամենաազնվածինը,— ասացին լուցկու հատիկները։

— Իսկ ես չեմ սիրում ինքս իմ մասին խոսել,— ասաց կավե ամանը։— Ուղղակի զրույց անենք։ Ես կսկսեմ և կյանքից կպատմեմ այնպիսի բան, որ ծանոթ ու հասկանալի լինի բոլորին. չէ՞ որ այդպես ավելի հաճելի է։ Դե, սկսում եմ. հայրենի Բալթիկ ծովի ափին, հաճարենիների ստվերի տակ...

— Հիանալի՜ է սկիզբը,— ասացին ափսեները,— ա՛յ, դա մեր ճաշակով պատմություն կլինի։

— ... մի խաղաղ ընտանիքում եմ անցկացրել ես իմ երիտասարդությունը,—  շարունակեց կավե ամանը։— Այնտեղ կահ֊կարասին փայլեցնում էին, հատակը լվանում, իսկ լուսամուտների վարագույրները փոխում էին ամեն երկու շաբաթը մեկ։

— Ի՜նչ հետաքրքիր եք պատմում,— գոչեց ավելը։— Այդպես պատմել կարող է միայն կինը. ձեր խոսքերից մի հատուկ մաքրասիրություն է բուրում։_*

— Այո՛, այո՛,— ասաց դույլը և ուրախությունից նույնիսկ վեր ցատկեց, ու ջուրը ցայտեց հատակին։

Կավե ամանը շարունակեց իր պատմությունը, որի վերջը նույնքան լավ դուրս եկավ, որքան սկիզբը։

Ափսեները հիացմունքից շխկշխկում էին, իսկ ավելը նույնիսկ ավազի արկղի միջից հանեց մի փունջ կանաչի, պսակ հյուսեց և դրեց կավե ամանի գլխին։ Նա գիտեր, որ այդ բանը բոլորին զայրացնելու է, բայց մտածեց. «Եթե ես այսօր սրա գլխին պսակ դնեմ՝ վաղն էլ նա իմ գլխին պսակ կդնի»։

— Այժմ եկեք պարենք,— ասաց ունելին և սկսեց պարել։

Եվ, տե՜ր Աստված, ի՜նչ բարձր էր թռցնում մեկ մի ոտքը, մեկ՝ մյուսը։
Անկյունում դրված աթոռի հին ծածկոցը չդիմացավ այդ տեսարանին ու պատռվեց։

— Իսկ իմ գլխին պսակ կդնե՞ք,— հարցրեց ունելին։

Եվ նրա գլխին էլ պսակ դրին։

«Սրանք բոլորն էլ պարզապես խաժամուժ են»,— մտածեցին լուցկու հատիկները։

Այժմ հերթն ինքնաեռինն էր. նա պետք է երգեր։ Բայց ինքնաեռը պատճառ էր բռնում, թե ինքը կարող է երգել միայն այն ժամանակ, երբ իր մեջ ջուր է եռում. նա պարզապես գոռոզություն էր անում և ուզում էր երգել միայն տերերի սեղանին կանգնած։

Լուսամուտի գոգին ընկած էր մի հին փետուրե գրիչ, որով սովորաբար սպասուհին էր գրում։ Նա ոչ մի երևելի բան չուներ՝ բացի այն, որ նրան չափից ավելի խորն էին խրում թանաքամանի մեջ։ Բայց գրիչը հենց դրանով էլ հպարտանում էր։

— Ի՞նչ կա որ, եթե ինքնաեռը երգել չի ուզում, հարկավոր էլ չի,— ասաց գրիչը։— Ա՛յ, լուսամուտից այն կողմ կախված է սոխակի վանդակը. թող սոխա՛կը երգի։ Ճիշտ է՝ նա շատ էլ ուսումնական չէ, բայց արժե՞ այսօր այդ մասին խոսել։

— Իմ կարծիքով չափազանց անվայելուչ բան կլինի լսել ինչ֊որ մի եկվոր թռչունի երգը,— ասաց պղնձե մեծ թեյամանը, որ խոհանոցի երգիչն էր և ինքնաեռի խորթ եղբայրը։— Մի՞թե դա հայրենասիրություն կլինի. թո՛ղ մթերեղենի զամբյուղն ասի։

— Ես պարզապես զարմացած եմ,— ասաց զամբյուղը։— Դուք չեք էլ կարող երևակայել, թե որքան զարմացած ու զայրացած եմ ես։ Մի՞թե այսպես են անցկացնում երեկոն։ Ավելի լավ չէ՞ր լինի տունը կարգի բերել։ Այն ժամանակ ամեն մեկն իր տեղը կիմանար, իսկ ես կղեկավարեի բոլորին։ Այն ժամանակ ամեն ինչ ուրիշ պատկեր կունենար։

— Եկեք աղմկենք,— գոռացին բոլորը։

Հանկարծ դուռը բացվեց, ներս մտավ սպասուհին, և բոլորը սկսվեցին. ո՛չ մի ձայն, ո՛չ մի ծպտուն։ Բայց ամեն մեկը մտքում համոզված էր, թե ինքը մյուսներից ազնվազարմ է և ինչե՜ր ասես որ չէր կարող անել, եթե միայն հնարավոր լիներ։ «Ա՛յ, եթե ե՛ս գործի գլուխ անցնեի, շատ ուրախ կանցներ երեկոն»,— մտածում էր յուրաքանչյուրը։

Սպասուհին լուցկու մի հատիկ վերցրեց ու նրանով մոմ վառեց։ Տե՜ր Աստված, ինչպե՜ս ֆրթաց ու բոցավառվեց հատիկը։

«Ա՛յ, հիմա բոլորը տեսնում են, որ մենք այստեղ ամենաառաջնակարգ անձնավորություններն ենք,— մտածում էր նա։— Տես, ի՜նչ փայլ, ի՜նչ լույս ենք տալիս»։

Բայց, միտքը չվերջացրած, լուցկու հատիկն այրվեց ու մարեց»։

— Սքանչելի՜ հեքիաթ է,— ասաց թագուհին։— Ինձ թվում էր, թե ես ինքս լուցկու հատիկների հետ նստած եմ եղել խոհանոցում։ Այո, դու արժանի ես մեր աղջկան։

— Իհա՛րկե,— ասաց թագավորը։— Երկուշաբթի օրը հարսանիք կանենք։

Այժմ արդեն թագավորն ու թագուհին նրա հետ խոսում էին «դու»֊ով։ Չէ՞ որ նա դառնալու էր իրենց ընտանիքի անդամը։

Այսպես, ուրեմն՝ հարսանիքի օրը հայտարարված էր։ Երեկոյան քաղաքում հրավառություն սարքեցին և հավաքված ժողովրդի մեջ քաղցրեղեններ ու թխվածքներ էին նետում։ Փողոցի երեխաները մատների ծայրերի վրա էին բարձրանում, որ այդ քաղցրեղենները բռնեն, «ուռա՜» էին գոռում և, մատները բերանները խրելով, սուլում էին։ Չտեսնված, անպատմելի տեսարան էր։

«Հարկավոր է, որ ես էլ մի բան սարքեմ»,— մտածեց վաճառականի տղան։ Եվ ահա, նա գնեց մեծ քանակությամբ հրթիռներ, ֆրթաններ, տեսակ֊տեսակ բաներ, բոլորը դարսեց իր սնդուկում և օդ բարձրացավ։

Բո՛ւհ, բո՛ւզ, թը՜շշ... ա՜յ թե տրաքոց ու թշշոց բարձրացավ...

Թուրքերն այնպես էին ոստոստում, որ մաշիկները ոտներից դուրս էին պրծնում ու մարդկանց գլխի վրայով թռչում։ Դեռ երբեք նրանք այդպիսի հրավառություն չէին տեսել։ Այժմ արդեն բոլորը հասկացան, որ արքայադստեր հետ ամուսնանում է ինքը՝ թուրքական աստվածը։

Իսկ վաճառականի տղան, անտառ վերադառնալով, սկսեց մտածել. «Հարկավոր է գնալ քաղաք, լսել, թե ինչ են խոսում այնտեղ իմ մասին»։

Եվ զարմանալի չէ, որ նա ուզեց իմանալ դա։ Ի՜նչ պատմություններ ասես, որ չէին տարածվել քաղաքում։ Ում էլ որ նա դիմում էր՝ ամեն մեկն իր տեսածը պատմում էր իր ձևով, բայց բոլորն էլ միաբերան խոսում էին, որ դա մի չտեսնված, մի զարմանահրաշ տեսարան էր։

— Ես տեսա իրեն՝ թուրքական աստծուն,— ասում էր մեկը,— նրա աչքերը շողշողում են աստղերի պես, իսկ մորուքը՝ ինչպես ծովի փրփուր։

— Նա թռչում էր՝ հրավառ թիկնոցն ուսերին,— պատմում էր մի ուրիշը,— իսկ թիկնոցի ծալքերի միջից դուրս էին նայում ամենաչքնաղ հրեշտակները։

Այո՛, շատ հրաշքներ պատմեցին վաճառականի տղային։

Մյուս օրը պետք է տեղի ունենար նրա հարսանիքը։

Եվ ահա, տղան նորից գնաց անտառ, որ էլի նստի իր սնդուկը, բայց ի՜նչ սնդուկ... Սնդուկը չկար ու չկար։ Այրվել էր։ Հրավառության ժամանակ սնդուկի մեջ հրթիռի կայծ էր ընկել, մարմանդ֊մարմանդ վառվելով՝ մեկ էլ բոցավառվել էր ու բոլորովին այրվել։ Այժմ սնդուկից միայն մոխիր էր մնացել։ Եվ այդպես էլ վաճառականի տղան այլևս չկարողացավ թռչել իր հարսնացուի մոտ։

Իսկ հարսնացուն, ամբողջ օրը տան կտուրին կանգնած՝ նրան էր սպասում։ Եվ մինչև օրս էլ սպասում է։ Իսկ տղան աշխարհե֊աշխարհ ման է գալիս ու հեքիաթներ պատմում, միայն թե՝ ոչ այնպիսի ուրախ հեքիաթներ, ինչպես իր առաջին հեքիաթն էր՝ ծծմբե լուցկու հատիկների մասին։
Share: