Մեր մասին



Համացանցային ռադիո «Մենք»
Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ այսօրվա մարդասիրական վերաբերմունքը ենթադրում է հոգեբանական և սոցիալական վերականգնողական աշխատանքների համակարգ նրանց տարիքային բոլոր փուլերում: Այդ պատճառով այսօր բոլոր քաղաքակիրթ երկրներում մեծ աշխատանքներ են տարվում չտեսնողներին աջակցելու և նրանց հասարակության լիիրավ անդամներ դառնալու ուղղությամբ:
Այդ գործընթացում մեծ տեղ են գրավում համակարգչային տեխնոլոգիաները: Դրանցից մեկը համարվում է համացանցային ռադիոն: Այն նույնպես տեղեկատվության տարածման միջոց է, ինչպես սովորական ռադիոն, սակայն ծրագրերի, երաժշտության հեռարձակումը կատարվում է համացանցի միջոցով՝ աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա համացանցի հասանելիություն: Եվ դա համարվում է այս ռադիոյի առավելությունը:

Այս համացանցային ռադիոն կարող է էականորեն փոխել չտեսնող և թույլ տեսնող անձանց կյանքը՝ տալով նրանց նոր հնարավորություններ: Այն տեղեկատվություն է փոխանցում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական կյանքի վերջին իրադարձությունների մասին, տրամադրում է հարթակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հաղորդակցման համար, խնդիրներ և առաջարկներ է  ներկայացնում իշխանություններին և հասարակական կազմակերպություններին, ցուցաբերում է իրավաբանական, հոգեբանական աջակցություն, տարածում է մշակութային բարձրագույն արժեքներ, աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց բազմակողմանի զարգացմանը և կրթությանը: Նաև հանդիսանում է միջնորդ՝ չտեսնողների, նրանց ծնողների, մասնագետների, սոցաշխատողների միջև փորձի փոխանակման գործում:

Քանի որ հայերը սփռված են ողջ աշխարհով և այդ աշխարհասփյուռ հայերի մեջ կան բազմաթիվ չտեսնողներ ևս, համացանցային ռադիոյի դերը կարևորվում է միմյանց հետ կապ ստեղծելու, համագործակցելու, գաղափարների փոխանակման և այլ աշխատանքներ կատարելու գործում:

Համացանցային ռադիոյի գաղափարը մի խումբ չտեսնող և թույլ տեսնող խանդավառ երիտասարդների նախաձեռնությունն է, որն իրականություն է դարձել Երևանի Ս. Շահնազարյանի անվան Կույրերի մշակույթի տանը՝ Հայաստանի Ինտերնետ հասարակություն կազմակերպության աջակցությամբ, որի ուշադրության կենտրոնում է միշտ եղել Չտեսնողների և թույլ տեսնողների աջակցությունը: Ծրագիրն իրականանում է մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանի և Հայաստանի Ինտերնետ հանրություն կազմակերպության փոխնախագահ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ:

Ռադիո Մենքի ստեղծագործական կազմը հետևյալն է. Հակոբ Կարապետյան (գլխ. Խմբագիր), Վահան Սահակյան (տեխնիկական պատասխանատու), Արեգ Ազարյան (ձայնային ռեժիսոր), Սիփան Ասատրյան, Անդրանիկ Քոչարյան, Ռուդոլֆ Զաբրոդին, Մարիկա Սիրադեղյան (հաղորդավարներ):

Արդեն առկա է ձայնագրման ստուդիան, Արդեն կատարվել են որոշակի հաղորդումների ձայնագրություններ, իսկ հեռարձակումը կատարվում է հետևյալ կայքի միջոցով՝ www.radio-menq.am
Ռադիո Մենքի հիմնական նպատակը տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ճշգրիտ և կանոնավոր տեղեկատվության ապահովումն է հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև նրանց ինտեգրման գործընթացին առավել արդյունավետ աջակցությունը: Ռադիոյի շրջանակներում սպասվում են հետևյալ հաղորդումները. «Դու կարող ես (Մեծ կույրերը)», որի նպատակն է ներկայացնել համաշխարհային հռչակի հասած, ինչպես նաև հայաստանյան իրականության մեջ որոշակի բարձունքներ նվաճած տեսողության խնդիրներ ունեցող անձանց կյանքն ու անցած ճանապարհը, «Հոգեբանությունը կյանքում», որի նպատակն է  տարածել հոգեբանական գիտելիքներ, որոնք կօգնեն մարդկանց (նաև տեսողական խնդիրներ ունեցողներին) հասնել նոր արդյունքների, նվաճել նոր բարձունքներ, ապրել ներդաշնակ և բարեկեցիկ կյանքով, քանի որ ժամանակակից կյանքը մարտահրավեր է նետում մարդուն ունենալու անհրաժեշտ հոգեբանական գիտելիքներ և կարողանալու դրանք կիրառել կյանքում: «Խնդիր և լուծում» քննարկումների շարքը, որն ամեն անգամ վեր է հանում հաշմանդամություն (մասնավորապես տեսողական խնդիր) ունեցող անձանց վերաբերող  մեկ խնդիր, և քննարկման ավարտին առաջարկվում է խնդրի մեկ կամ մի քանի լուծում: Նախատեսված են նաև հետևյալ հաղորդումները. «Ծրագիր ամենափոքրիկների համար՝ հեքիաթներ, պատմվածքներ երեխաների համար», «Սիրել մարդուն կամ իմ աշխարհը», «Իմ համալսարանները», «Պարալիմպիկ սպորտ», «Շտապ իրավաբանական խորհրդատվություն», «Հարցեր և պատասխաններ» և այլն: Սրանց միջոցով ենթադրվում է հաշմանդամություն ունեցող ռադիոլսողներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, խորհրդատվություն փաստաթխթերի և այն մասին, թե որ մարմիններն են պատասխանատու նրանց հուզող որոշակի հարցերի վերաբերյալ, ինչպես նաև նրանց կրթական և այլ իրավունքների մասին:

Այսպիսով՝ ռադիոյում պատրաստվելու են թե՛ հատուկ հաղորդումներ՝ ուղղված տեսողական խնդիրներ ունեցող անձանց, թե՛ իրազեկող հաղորդումներ, որոնք կհետաքրքրեն ցանկացած մարդու: Նշենք, որ մտադրություն կա այս ռադիոյի շնորհիվ տեսողության խնդիրներ ունեցող, ապա նաև Հայաստանի այլ հաշմանդամություններ ունեցող Երիտասարդներին տրամադրել խոսափող՝՝ վեր հանելու իրենց հուզող հարցերը: