22 October 2017

Հեքիաթ «Տիկին Բուքը»

Մի այրի կին երկու աղջիկ է ունենում. խորթը սիրուն ու աշխատասեր, հարազատը այլանդակ ու ալարկոտ։ Բայց մայրը էս այլանդակ ալարկոտին է սիրում, մյուսը ստիպված տան բոլոր գործերն ինքն է անում, ոնց որ Մոխրոտը։

Խեղճ աղջիկն ամբողջ օրը նստում է ջրհորի մոտ, իլիկ պտտում ու էնքան է աշխատում, որ մատները արյունոտվում են։
Մի անգամ էնպես է պատահում, որ իլիկն էլ է արյունոտվում։ Աղջիկը կռանում է, որ ջրհորի մեջ լվա, իլիկը ձեռքիցը ջուրն է ընկնում։ Նա լաց է լինում, վազում խորթ մոր մոտ, պատմում կատարվածը։
Մայրը շատ է բարկանում, նախատում աղջկան ու էնքան չարասիրտ է լինում, որ ասում է.
— Ոնց որ գցել ես, էնպես էլ կհանես։
Աղջիկը գնում է ջրհորի մոտ, շփոթմունքից չի իմանում, թե ինչ անի, մեկ էլ վախից թռչում ընկնում է ջրհորը, որ իլիկը հանի։ Աղջկա ուշքը գնում է, իսկ երբ ուշքի է գալիս, տեսնում է, որ գտնվում է մի հրաշալի մարգագետնում, արևը պայծառ լուսավորում է, շուրջը հազարավոր ծաղիկներ կան։ Աղջիկը վեր է կենում ու գնում մարգագետնով, գնում է, գնում, մեկ էլ տեսնում է մի փուռ, մեջը լիքը հաց, ու հացերը ձայն են տալիս.
— Հանիր մեզ, խնդրում ենք, հանիր, թե չէ կվառվենք, վաղուց ենք թխվել:
Աղջիկը մոտենում է, թիակն առնում ձեռքն ու բոլոր հացերը հանում։
Շարունակում է առաջ գնալ, գնում է, գնում, մեկ էլ տեսնում է մի ծառ վրան լիքը խնձոր, ծառը խնդրում է.
— Ախ, թափ տուր ինձ, թափ տուր, իմ խնձորները վաղուց են հասել։
Աղջիկը թափահարում է ծառը, խնձորներն անձրևի նման թափվում են, թափահարում է էնքան, մինչև որ ոչ մի խնձոր չի մնում ծառի վրա։ Խնձորները հավաքում է կիտում ու շարունակում ճանապարհը։
Գնում հասնում է մի խրճիթի, պատուհանի առաջ մի պառավ է կանգնած լինում, պառավն էնքան մեծ-մեծ ատամներ է ունենում, որ աղջիկը սարսափում է, ուզում է փախչել։ Բայց պառավը ձայն է տալիս.
— Մի վախենա ինձնից, աղջիկս։ Մնա ինձ մոտ։ Եթե իմ գործերը բոլորն անես, ինչպես հարկն է, դու լավ կզգաս էստեղ։ Միայն թե տես, անկողինս խնամքով կբացես ու բարձս էլ լավ թափ կտաս, էնպես, որ փետուրները թռչեն, էդ ժամանակ ամբողջ աշխարհում ձյուն կգա, ես տիկին Բուքն եմ։
Պառավն էնքան սիրալիր է խոսում, որ աղջկա սիրտը թեթևանում է, ու նա համաձայնում է ծառայության մտնել տիկին Բուքի մոտ։ Աղջիկը ջանում է միշտ գոհացնել պառավին ու ամեն անգամ էնպես ուժգին է թափ տալիս փետրաբարձերը, որ փետուրները ձյան փաթիլների պես բռնում են շուրջը. դրա համար էլ աղջիկը իրեն լավ է զգում էդտեղ, ոչ թթու խոսք է լսում, ոչ էլ ուտելիքի պակաս զգում։
Էդպես մի որոշ ժամանակ նա ապրում է տիկին Բուքի մոտ, մեկ էլ տխրում է, սկզբում ինքն էլ չի հասկանում ինչի է տխրել, բայց հետո զգում է, որ կարոտել է հարազատ տանը։ Թեև էստեղ հազար անգամ լավ է զգում իրեն, քան էնտեղ, բայց էլի սիրտն ուզում է տուն գնալ: Վերջապես նա պառավին ասում է.
— Կարոտել եմ մեր տանը, թեև էստեղ ինձ համար հազար անգամ լավ է, բայց էլ չեմ կարողանում մնալ, ուզում եմ գնամ մերոնց մոտ։
Տիկին Բուքն ասում է.
— Ինձ դուր է գալիս, որ դու կարոտում ես տանը։ Ու քանի որ լավ ծառայեցիր, ինքս քեզ կճանապարհեմ։— Նա բռնում է աղջկա ձեռքն ու տանում դեպի դարպասը։
Դարպասը բացվում է, երբ աղջիկը անցնում է միջով, հանկարծ ոսկի անձրև է տեղում, ու ամբողջ ոսկին մնում աղջկա վրա։
— Սա քեզ նվեր, որ էնպես սրտանց ծառայեցիր ինձ,
— ասում է տիկին Բուքն ու վերադարձնում իլիկը, որ ընկել էր ջրհորը։ Երբ դարպասը փակվում է նրա ետևից, աղջիկը հայտնվում է վերևում, խորթ մոր տան մոտակայքում։ Իսկ երբ նա ոտք է դնում հարազատ տան բակը, աքլորը, որ նստած է լինում ջրհորի պռնկին, կանչում է.
Ծուղրուղո՜ւ.
Մեր աղջիկը ոսկի հագած տուն եկավ։
Աղջիկը գնում է ուղիղ մոր մոտ, և քանի որ ամբողջապես ոսկով պատված է լինում, նրան ջերմ են ընդունում և խորթ մայրը, և քույրը։
Աղջիկը պատմում է իր գլխին եկածը։ Խորթ մայրը երբ իմանում է էդ պատմությունը, ուզում է, որ իր տգեղ ու ալարկոտ աղջիկն էլ նման բախտի արժանանա։
Նրան նստեցնում է ջրհորի պռնկին, որ թել մանի։ Ու որպեսզի իլիկն էլ արյունոտվի, աղջիկը մատը մտցնում է փշոտ թփի մեջ, ծակում, հետո իլիկը գցում ջրհորը, ինքն էլ ետևից ցած թռչում։
Սա էլ քրոջ պես ընկնում է էն գեղեցիկ մարգագետինը և նույն ճամփով առաջ գնում։ Հասնում է փռին թե չէ` հացերը ձայն են տալիս.
— Ա՜խ, հանիր մեզ, հանիր, թե չէ կվառվենք, վաղուց ենք թխվել։
Ալարկոտը պատասխանում է.
— Անտեղի ինչի՞ պիտի կեղտոտվեմ։
Աղջիկը մոտենում է խնձորենուն, խնձորենին ասում է.
— Ա՜խ, թափ տուր ինձ, թափ տուր, իմ խնձորները վաղուց են հասել։
Աղջիկը պատասխանում է.
— Էլ ի՜նչ կուզեիր, հապա որ խնձորներդ գլխիս թափվե՞ն։
Ու շարունակում է ճանապարհը։
Երբ մոտենում է տիկին Բքի խրճիթին, բոլորովին չի վախենում, որովհետև քրոջից նախապես լսել էր նրա մեծ-մեծ ատամների մասին, անմիջապես ծառայության է մտնում նրա մոտ։ Առաջին օրը կարգին աշխատում է, խոնարհությամբ ենթարկվում է տիկին Բքին։ Նա ինչ-որ հանձնարարում է, աղջկա աչքին ոսկին է երևում, որ պիտի նվիրի իրեն։ Բայց երկրորդ օրը սկսում է ալարել, երրորդ օրը ավելի, իսկ չորրորդ օրը իսկի տեղից էլ չի ուզում վեր կենալ։ Նա կանոնավոր չի բացում տիկին Բքի անկողինը ու փետրաբարձերը թափ չի տալիս էնպես, որ շուրջը ձյան փաթիլների պես պարեն փետուրները։ Ի վերջո տիկին Բուքը հոգնում է նրանից ու էլ ոչ մի աշխատանք չի տալիս։ Ալարկոտը շատ է ուրախանում, մտածելով որ հիմա ուր որ է ոսկի անձրև կտեղա իր վրա։
Տիկին Բուքը սրան էլ է տանում դարպասի մոտ, բայց երբ աղջիկը անցնում է դարպասի միջով, վրան ոսկե անձրևի փոխարեն մի կաթսա կուպր է թափվում։
— Սա քո աշխատանքի վարձատրությունն է,
— ասում է տիկին Բուքն ու դարպասը փակում նրա ետևից։
Ալարկոտը տուն է գալիս ամբողջապես կուպրի մեջ կորած, և ջրհորի պռնկին նստած աքլորը հենց որ տեսնում է նրան, կանչում է.
Ծուղրուղո՜ւ,
Մեր աղջիկը կուպրի մեջ կորած եկավ։
Ու մինչև կյանքի վերջն էլ նա էդպես կպրոտ է մնում։
Share: