21 October 2017

Հեքիաթ «Հաջող առևտուր»

Ռադիո Մենքը ներկայացնում է:
Հեքիաթներ Գրիմ Եղբայրներ Հաջող առևտուր:
Կարդում է դերասանուհի Անի Սարգսյանը:
Մի գյուղացի մի անգամ իր կովը տանում է շուկա ու վաճառում յոթ թալերով։

 Տուն դառնալիս, երբ անցնում է լճի մոտով, լսում է, որ հեռվում գորտերը կռկռում են.
— Կը՛ռ-կը՛ռ-կո՛ւ, կը՛ռ-կը՛ռ-երկո՛ւ։
— Մինչև արտի ծայրը հասնելս սրանք էսպես գլուխ են տանելու: Չէ՛, չէ՛, ես յո՛թ թալեր եմ տվել, ոչ թե երկու։
Մոտենում է լճին ու ձայն տալիս.
— Այ հիմարներ, ձեզ ո՞վ է ասել թե երկու, ինչ է, հաշվել չգիտե՞ք։ Յո՛թ, յո՛թ թալեր է, ոչ թե երկու։
Իսկ գորտերը շարունակում են կռկռալ.
— Կը՛ռ-կը՛ռ-կո՛ւ, կը՛ռ-կը՛ռ-երկո՜ւ։
— Է՜յ,— բարկանում է գյուղացին,— դուք ինչ է, ինձնից լավ գիտե՞ք: Որ էդպես է, ինքներդ հաշվեք,— ասում է նա ու թալերները շպրտում լիճը։ Գցում է ու սպասում, որ հաշվեն ու էլի ետ տան, բայց գորտերը շարունակում են կռկռալ։
— Կը՛ռ-կը՛ռ-կո՛ւ, կը՛ռ-կը՛ռ-երկո՜ւ,— ու փողն էլ չեն վերադարձնում:
Սպասում է մինչև իրիկուն, սպասում, վերջը սպասելուց հոգնում է, բարկանում ու հայհոյում գորտերին։
— Տո մեծաբերաններ, դուրս պրծած աչքավորներ, էնքան գոռգոռացիք, գլուխս տարաք, բայց յոթ թալերը չկարողացաք հաշվել։ Կարծում եք ես էդքան ժամանակ ունե՞մ, որ սպասեմ։— Ասում է գյուղացին ու թողնում գնում։ Իսկ գորտերը շարունակում են.
— Կը՛ռ-կը՛ռ-կո՛ւ, կը՛ռ-կը՛ռ-երկո՜ւ։
Օրերից մի օր էլ որոշում է մյուս կովն էլ ծախել։ Ու մտածում է, որ եթե մորթի ու միսը ծախի, կրկնակի օգուտ կանի, դեռ կաշին էլ իրեն կմնա: Միսը շալակած մտնում է քաղաք։ Հենց դարպասի մոտ քաղաքի շները վրա են տալիս։ Ամենից առաջ մի մեծ գամփռ է վազում։ Սա մոտենում է գյուղացուն, հոտոտում ու սկսում հաչել հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ։
Շունը որ շատ հաչում է, գյուղացին ասում է.
— Հա՜, հասկանում եմ քեզ, ասում ես, «տո՛ւր, տո՛ւր»,— որ մի կտորը քեզ տամ, ինձ ի՞նչ կմնա։
Շունը շարունակում է հաչել` հա՛ֆ, հա՛ֆ։
— Էսքանը դու ո՞նց կուտես։ Հա՜, ընկերներիդ համար էլ ես ուզո՞ւմ։
— Հա՛ֆ, հա՛ֆ,— պատասխանում է շունը։
— Դե որ շատ ես դեմ ընկնում, միսը թողնում եմ։ Ես լավ եմ ճանաչում քո տիրոջը։ Լսիր, թե ինչ եմ ասում, երեք օր հետո պետք է ստանամ իմ փողը, թե չէ` վերջը վատ կլինի։ Դու կբերես մեր տուն։
Եվ նա միսը գցում է գետնին, վերադառնում տուն։ Իսկ շները վրա են թափվում, բարձր-բարձր հաչալով` հա՛ֆ, հա՛ֆ։
Գյուղացին հեռվից լսում է նրանց հաչոցն ու մտածում, բոլորն էլ ասում են` տուր, բայց բոլորի փոխարեն միայն գամփռն է ինձ վճարելու։
Երեք օրն անցնում է։ Գյուղացին մտածում է. «Էս իրիկուն փողերս կլինեն իմ գրպանում» ու շատ գոհ է մնում դրանից։ Բայց ոչ ոք մտադիր չէր նրան փող բերել։
— Հիմա ոչ մեկի վրա հույս դնել չի լինի,— ասում է նա ու, համբերությունից դուրս դալով, գնում քաղաք, որ մսագործից ուզի իր փողը։ Մսագործը կարծում է, թե նա կատակ է անում, բայց գյուղացին ասում է.
— Չէ, առանց կատակի, մի՞թե գամփռը երեք օր առաջ մի ամբողջ անասուն չբերեց ձեր տուն։
Մսագործը բարկանում է, ավելն առնում, տնից դուրս անում գյուղացուն։
— Սպասի՜ր,— ասում է գյուղացին,— էս աշխարհում արդարությունը դեռ չի կորել,— ասում է ու գնում թագավորի պալատը, խնդրում ընդունել իրեն։ Նրան տանում են թագավորի մոտ։ Թագավորը իր աղջկա հետ նստած, հարցնում է, թե ինչ է պատահել։
— Օ՜ֆ,— ասում է գյուղացին,— գորտերն ու շները զավթեցին ապրանքս, իսկ մսագործը մի լավ ջարդ տվեց ինձ,— ու նա մանր-մանր պատմում է իր գլխին եկածը։ Թագավորի աղջիկը որ պատմությունը լսում է, ուրախ-ուրախ ծիծաղում է, իսկ թագավորն ասում է.
— Էդ գործում ես չեմ կարող քեղ օգնել, բայց դու պետք է ամուսնանաս իմ աղջկա հետ։ Նա ծնված օրից դեռ չէր ծիծաղել: Որոշել էի, որ ով կարողանա ծիծաղեցնել, նրա հետ էլ ամուսնանա աղջիկս։
— Պահ, ինչիս է պետի քո աղջիկը, հրեն տանը մի կնիկ ունեմ, էն էլ ինձ հերիք է. որ ներս եմ մտնում, կարծում եմ, թե ամեն անկյունից մի կնիկ է խոսում։
Թագավորը բարկանում է ու ասում.
— Անտաշի մեկն ես դու։
— Է՛հ, տեր թագավոր, բա եզից ուրիշ էլ ինչ ես ուզում, եթե ոչ եզան միս:
— Սպասիր,— պատասխանում է թագավորը,— դու ուրիշ նվեր կստանաս ինձնից։ Հիմա կորի գնա, բայց երեք օր հետո կգաս քո հինգ հարյուրը լրիվ կստանաս։
Պալատից դուրս գալիս պահակն ասում է.
— Լսիր, դու թագավորի աղջկան ծիծաղեցրիր, լավ նվեր կստանաս։
— Հա, մի հինգ հարյուր կտան։
— Լսիր,— ասում է պահակ զինվորը,— ի՞նչ ես անելու էդքանը, մի մասն էլ ինձ տուր, էլի՛։
— Երկու հարյուրը քեզ,— ասում է գյուղացին:— Երեք օր հետո գնա թագավորի մոտ, խնդրիր թող քեզ տա։
Էդ ժամանակ մի դրամափոխ կողքից լսում է նրանց խոսակցությունն ու մոտենում գյուղացուն, թե`
— Էդ ի՜նչ բախտավոր մարդ ես դու։ Ես դրամափոխ եմ, ի՞նչ ես անելու թալերները, տուր մանրեմ փողերդ։
— Լավ,— ասում է գյուղացին,— երեք հարյուրը քեզ կտամ, միայն թե դու հիմա մանրը տուր ինձ, իսկ երեք օր հետո գնա թագավորը կվճարի քեզ։
Դրամափոխը շատ է ուրախանում, ամբողջ փողը բերում է մաշված գրոշներով, որոնց երեքի դիմաց երկու նորն էին տալիս։ Բերում է, տալիս գյուղացուն։ Իսկ երեք օր հետո գյուղացին գալիս է ու հրամանի համաձայն ներկայանում թագավորին։
— Հանեցեք դրա բաճկոնը, հիմա կստանա իր հինգ հարյուրը։
— Ախր դրանք էլ ինձ չեն պատկանում, թագավորն ապրած կենա։ Երկու հարյուրը նվիրել եմ պահակին, իսկ երեք հարյուրը դրամափոխն է ստանալու իր տված մանրի դիմաց։ Թագավորից ես այլևս ստանալիք չունեմ:
Էդ ժամանակ ներս են մտնում պահակ զինվորն ու դրամափոխը ե պահանջում իրենց ստանալիքը։ Ու ճիշտ էդքան հարվածներ ստանում։ Զինվորը սովոր է լինում, համբերությամբ դիմանում է, բայց դրամափոխը վայնասուն է բարձրացնում։
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ, մի՞թե սրանք են հնչուն թալերները։
Գյուղացին էսպես ծիծաղեցնում է թագավորին, սա մեղմանում է ու ասում.
— Քանի որ դու քո նվերը կորցրել ես նախքան ստանալդ, գնա մտիր իմ գանձարանն ու քեֆիդ ուզածի չափ ոսկի վերցրու։
Գյուղացին էլ սպասեցնել չի տալիս, լիքը լցնում է գրպաններն ու գնում գինետունը նստում, սկսում հաշվել։ Իսկ դրամափոխը գնում է նրա ետևից ու լսում, թե ինչպես է փնթփնթում.
— Շատ խորամանկն է Էդ թագավորը, ո՜նց խաբեց ինձ։ Որ ինքն իր ձեռքով տար, համենայնդեպս, կիմանայի, թե ինչքան է տվել, իսկ հիմա չգիտեմ` հաշիվս ճիշտ է, թե չէ։
— Տեր Աստվա՜ծ, էս ինչեր է ասում մեր թագավորի մասին, գնամ հայտնեմ, համ նվեր կստանամ, համ սրան պատժել կտամ։
Թագավորը, որ իմանում է գյուղացու ասածները, բարկանում է ու պատվիրում կանչել դրամափոխին և նրա հետ էլ մեղավորին։
Դրամափոխը վազում է գյուղացու մոտ, ասում.
— Դու պետք է էս րոպեիս, հենց էդպես, ինչպես որ կաս, ներկայանաս թագավորին։
— Ես ավելի լավ գիտեմ ինչպես պետք է ներկայանալ,— ասում է գյուղացին։— Նախ նոր բաճկոն կարել կտամ։ Գրպանում էսքան փող ունեցող մարդը մաշված բաճկոնով չի ներկայանա թագավորին։
Դրամափոխը տեսնում է, որ գյուղացուն առանց նոր բաճկոնի չի կարողանա տանել, թագավորի բարկությունն էլ կարող է անցնել, մինչդեռ ուզում է ինքը նվեր ստանա, իսկ գյուղացուն` պատժեն, ասում է.
— Ես բարեկամաբար փոխ կտամ իմ հրաշալի կամզոլը։ Մերձավորի հանդեպ ունեցած սիրուց մարդ ինչ ասես որ չի անի։
Գյուղացուն դուր է գալիս էդ բանը, հագնում է դրամափոխի կամզոլը ու նրա հետ գնում։ Թագավորը պատմում է դրամափոխի ասածները։
— Է՛հ,— պատասխանում է գյուղացին,— էս դրամափոխի ոչ մի խոսքին չպետք է հավատալ։ Որ թողնեք, կասի` իմ հագի կամզոլն էլ է իրենը։
— Հապա ի՜նչ,— գոռում է դրամափոխը,— իմ սեփական կամզոլը չի՞։ Ես չտվի՞ փոխարինաբար, որ կարողանաս ներկայանալ թագավորին։
— Մեզնից մեկին խաբում է էս դրամափոխը կամ ինձ, կամ գյուղացուն,— ասում է թագավորը ու հրամայում ավելացնել նրա ստացած հնչուն թալերների թիվը:
Իսկ գյուղացին նոր կամզոլը հագին ճամփա է ընկնում դեպի տուն ու ասում:
— Էս անգամ էլ լավ պրծա։
Share: