18 October 2017

Հեքիաթ «Օձի երեք տերևիկները»

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, մի տղա է ունենում։ Մարդն էնքան աղքատ է լինում, որ չի կարողանում մինուճար որդուն պահել։ Մի օր որդին ասում է.
— Սիրելի հայր, հազիվ քո գլուխն ես կարողանում պահել, ես էլ ավելորդ բեռ եմ քեզ վրա, լավ կլինի գնամ իմ մի կտոր հացը վաստակեմ։

Հայրը օրհնում է որդուն ու տխուր հրաժեշտ տալիս։ Էդ ժամանակ մի հզոր տերության թագավոր պատերազմի մեջ է լինում։ Տղան ծառայության է մտնում էդ թագավորի մոտ ու նրա զորքի հետ էլ գնում պատերազմ։ Մոտենում են թշնամուն, կատաղի ճակատամարտ է սկսվում։ Կռվի թեժ պահին, երբ գնդակները տեղում են կարկտի պես, ու շուրջը հնձած հասկերի նման թափվում են մարդիկ, զորավարը սպանվում է։ Կենդանի մնացածները փախուստի են դիմում, բայց տղան առաջ է նետվում և, դիմելով բոլորին, ասում.

— Մենք թույլ չենք տա, որ մեր հայրենիքը կործանվի,— փախչողները ետ են
դառնում, նորից մտնում կռվի մեջ, թշնամուն հաղթում։

Լուրը հասնում է թագավորին, որ իր հաղթանակի համար տղային է պարտական։
Թագավորը բարձրացնում է նրա պաշտոնը, մեծ հարստություն տալիս ու դարձնում
իր առաջին խորհրդականը։

Թագավորը մի մինուճար աղջիկ է ունենում, մի աննման գեղեցկուհի, բայց
տարօրինակ բնավորության տեր։ Նա երդված է լինում, թե կամուսնանա էն տղայի
հետ, ով համաձայնի կենդանի-կենդանի թաղվել իր հետ, եթե ինքը մեռնի։

— Եթե ինձ անկեղծորեն սիրի,— ասում է աղջիկը,— իմ մահից հետո ինչո՞ւ պիտի
ապրել ցանկանա։

Նա մտադիր է նույն կերպ վարվի, եթե ամուսինը շուտ մեռնի. պատրաստ է
կենդանի-կենդանի թաղվել նրա հետ։ Էդ տարօրինակ երդումից շատ երիտասարդներ
էին վախեցել ու ետ կանգնել, բայց մեր տղան էնպես է տարվում թագավորի աղջկա
գեղեցկությամբ, որ խնդրում է նրա ձեռքը։

— Իսկ դու գիտե՞ս, ինչ խոստում ես տալու,— հարցնում է թագավորը։

— Եթե նա ինձնից շուտ մեռնի, ես կենդանի-կենդանի գերեզման պիտի մտնեմ նրա
հետ,— պատասխանում է տղան։— Իմ սերն էնքան մեծ է, որ ես չեմ էլ մտածում էդ
վտանգի մասին։

Էդ ժամանակ թագավորը համաձայնություն է տալիս, և նրանք մեծ հարսանիք են
անում։

Էդպես ուրախ ու երջանիկ ապրում են իրենց համար, բայց մի անգամ երիտասարդ
թագուհին ծանր հիվանդանում է ու ոչ մի բժիշկ չի կարողանում ճար անել։ Իսկ
երբ մահանում է, երիտասարդ թագավորը հիշում է իր տված խոստումը և սարսափում
կենդանի թաղվելու մտքից, բայց ուրիշ ճար չի ունենում, հայր թագավորը
հրամայում է պահապաններ դնել բոլոր դռների մոտ։

Երբ ժամանակը գալիս է, թագուհու աճյունը տեղափոխում են թագավորական
դամբարան, ամուսնուն էլ են տանում էնտեղ, դռները ամուր փակում սողնակներով,
պահապաններ կարգում։

Դագաղի կողքին մի սեղան է լինում, վրան չորս մոմ, չորս հաց և չորս շիշ
գինի։ Բայց էդ պաշարը օր-օրի սպառվում է, երիտասարդ թագավորին դանդաղ մահ է
սպառնում։ Տխուր ու վշտաբեկ նա նստում է դագաղի մոտ, օրեկան մի փոքրիկ կտոր
հաց է ուտում, մի քանի կում գինի խմում և զգում, որ մահը դանդաղ մոտենում է
իրեն։

Տխուր նստած` նա հայացքը գցում է մի անկյունի, մեկ էլ տեսնում է, որ հենց
էդ անկյունից մի օձ դուրս եկավ ու սողաց դեպի հանգուցյալը: Տղան կարծում է,
թե օձն ուզում է կրծել դիակը, վերցնում է իր սուրն ու ասում.

— Քանի դեո կենդանի եմ, ես թույլ չեմ տա կպչել նրան,— խփում է երեք կտոր
անում օձին։

Շուտով երկրորդ օձն է դուրս գալիս անցքից, տեսնելով առաջինին կտրտված
ընկած, ետ է գնում, բայց քիչ հետո նորից է հայտնվում` երեք կանաչ տերևիկ
բերանում։ Վերցնում է օձի կտորները, միացնում իրար ու կանաչ տերևիկները
դնում վերքի վրա։ Մասերը կպչում են, օձը շարժվում է, կենդանանում, ու
սողալով երկուսն էլ հեռանում են։ Տերևիկները մնում են ընկած։ Թագավորը
վերցնում է տերևիկները, մեկը դնում հանգուցյալի բերանին, երկուսն էլ
աչքերին։ Հենց որ գնում է, հանգուցյալի արյունը շարժվում է երակներում,
հոսում դեպի երեսը, թշերը վարդագունում են։ Հետո աղջիկը մի խոր շունչ է
քաշում, բաց անում աչքերն ու հարցնում.

— Տեր Աստված, էս որտե՞ղ եմ ես։_*

— Ինձ մոտ ես, սիրելի տիկինս,— պատասխանում է երիտասարդ թագավորն ու
պատմում, թե ինչ է տեղի ունեցել։ Նա մի քիչ հաց ու գինի է տալիս կնոջը։
Թագուհին ոտքի է ելնում։ Նրանք միասին մոտենում են դռանը, ծեծում ու սկսում
էնպես գոռգոռալ, որ պահապանները լսում են, գնում հայտնում հայր թագավորին։

Թագավորն ինքն իջնում է դամբարան, դուռը բաց անում, տեսնում երկուսն էլ
ողջ ու առողջ կանգնած են, ուրախանում, աշխարհով մեկ է լինում։ Իսկ օձի երեք
տերևիկները երիտասարդ թագավորը պահ է տալիս իր հավատարիմ ծառային, ասում.

— Սրանք լավ պահիր, ինչ իմանաս, էլ ինչպիսի դժբախտությունից կարող են մեզ
փրկել։

Բայց թագուհին մահից փրկվելուց հետո փոխվում է. ամուսնու հանդեպ ունեցած
սերը ասես հանում են նրա սրտից։ Օրերից մի օր երիտասարդ թագավորը որոշում է
գնալ օտարություն, իր ծեր հորը տեսության։ Կնոջ հետ նավ է նստում ու ճամփա
ընկնում։ Կինը, մոռանալով ամուսնու մեծ սերն ու հավատարմությունը,
անամոթաբար տարվում է նավապետով։

Մի օր էլ, երիտասարդ թագավորի քնած ժամանակ, կինը կանչում է նավապետին,
բռնում ամուսնու գլխից, նավապետին էլ պատվիրում ոտքերից բռնի, ու միասին
ծովն են նետում քնած մարդուն։ Երբ չարագործությունը կատարում են պրծնում,
թագուհին նավապետին ասում է.

— Հիմա ետ գնանք տուն, հորս կասենք` նա ճամփին մեռավ։ Իսկ քեզ էնպես
կներկայացնեմ ես իմ հորը, էնպես կգովեմ, որ կպսակի ինձ հետ ու կնշանակի իր
գահի ժառանգորդ։

Երիտասարդ թագավորի հավատարիմ ծառան ամեն բան տեսնում է. նա ծածուկ նավակ
է վերցնում, ազատում խեղդված թագավորին։ Հետո հանում է օձի երեք
տերևիկները, որ միշտ իր մոտ էր պահում, դնում բերանին ու աչքերի վրա,
տեղնուտեղը կենդանացնում նրան:

Թագավորն ու հավատարիմ ծառան գիշեր-ցերեկ երկուսով թիավարելով էնքան արագ
են գնում, որ մեծ նավից էլ շուտ են տուն հասնում։ Թագավորը, որ նրանց մենակ
է տեսնում, շատ է զարմանում, հարցնում է, թե ինչ է պատահել, և իմանալով
դստեր կատարած չարագործությունը, ասում է.

— Չեմ հավատում, որ նա էդպիսի վատ բան անի, բայց ճշմարտությունը շուտով
կբացվի,— պատվիրում է, որ երկուսն էլ թաքնվեն իր գաղտնի սենյակում, ոչ ոք
չտեսնի նրանց։

Շուտով գալիս է նաև մեծ նավը, և չարագործ թագուհին վշտահար տեսքով
ներկայանում է հորը։ Թագավորը հարցնում է.

— Ինչո՞ւ ես մենակ վերադարձել։ Ամուսինդ ո՞ւր է։

— Ա՜խ, սիրելի հայր,— պատասխանում է թագուհին,— ես մեծ վիշտ ունեմ։
Ճանապարհին ամուսինս հանկարծ հիվանդացավ-մահացավ, ու եթե էս բարի նավապետը
չօգներ ինձ, վատ կլիներ իմ բանը, նա ներկա է եղել ամուսնուս մահվանը և ամեն
ինչ կարող է պատմել։

Թագավորն ասում է.

— Ես հարություն կտամ մեռածին,— բացում է գաղտնի սենյակի դուռը,
հրամայում, որ երիտասարդ թագավորն ու հավատարիմ ծառան դուրս գան էնտեղից։

Ամուսնուն տեսնելուն պես, թագուհին ասես կայծակնահար է լինում, ծունկի է
գալիս ու ներում խնդրում։ Բայց թագավորն ասում է.

— Ինչ խոսք կարող է լինել ներման մասին. նա պատրաստ էր քեզ հետ միասին
մեռնել և կյանք պարգևեց քեզ, իսկ դու քնած տեղը սպանեցիր նրան։ Դրա համար
պետք է ստանաս քեզ արժանի պատիժը։

Ու թագուհուն իր գործակից նավապետի հետ ծակ մակույկով ծով են իջեցնում,
նրանք կուլ են գնում ալիքներին։
Share: