Տեղեկատվական
տեխնոլոգիաների զարգացումն իրենից ենթադրում է նաև զանգվածային լրատվական միջոցների
բազմազանություն: Այդ գործում մեծ դեր է խաղում համացանցը:
Տեսողության
խնդիրներ ունեցող մի խումբ երիտասարդների նախաձեռնություն համարվող ռադիո Մենքն այլևս
իրականություն է: Համացանցային ռադիոյի բացումը տեղի ունեցավ մայիսի 30-ին՝ ՀԿՄ Ս.
Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տանը:
Այն մեկնարկեց բացման օրվա համար ձայնագրված
տոնական հաղորդմամբ: Ռադիոյի հաղորդումների մեծ մասն արծարծելու է հաշմանդամություն
ունեցող անձանց խնդիրները՝ հիմնական շեշտը դնելով տեսողության խնդիրներ ունեցողների
հիմնախնդիրներին, ինչպես նաև պատրաստելու է հաղորդումներ, որոնց միջոցով չտեսնող և
թույլ տեսնող անձինք ստանալու են իրենց անհրաժեշտ խորհրդատվություն: Այն նաև փորձելու
է ոգևորել այն երիտասարդներին, ովքեր դեռևս ունեն հասարակության մեջ ինտեգրվելու, սոցիալականացման
և այլ չհաղթահարված խնդիրներ: Ռադիոն օգտակար կլինի նաև չտեսնող ների ծնողների, նրանց
հետ աշխատող մասնագետների, սոցիալական աշխատողների, մանկավարժների և այլոց համար: Ինչպես
մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը նշեց, «Համացանցային ռադիոն կարող է իր շուրջ
համախմբել շնորհաշատ անհատականությունների և նրանց ուղղորդել դեպի կատարելություն և
կայացում»:
Համացանցային
ռադիոն իրականացել է Հայաստանի Ինտերնետ հանրություն կազմակերպության տրամադրած դրամաշնորհով:
Ինտերնետ հանրություն կազմակերպության տնօրեն Իգոր Մկրտումյանը միջոցառման ժամանակ
խոսեց տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողքին լինելու կարևորության մասին: «Ես
շատ ուրախ եմ մասնակցելու համացանցային ռադիոյի բացման միջոցառմանը: Մենք երբեք չպետք
է մոռանանք, որ մեր կողքին ապրում և աշխատում են բազմաթիվ մարդիկ, ովքեր մեր օժանդակության
կարիքն ունեն: Ինչպես ասել է Գարեգին I կաթողիկոսը՝ մարդկանց ամենամեծ մեղքը ութերորդ
մահացու մեղքը՝ անտարբերությունն է: 2011 թ. իվեր մեր կազմակերպությունը որդեգրել է
այդ քաղաքականությունը՝ այսինքն չտեսնող և թույլ տեսնող երիտասարդների օժանդակումը:
Ինտերնետային կենտրոնի բացումը, համակարգչային սենյակն իր սարքավորումներով և ապա այս
ռադիոյի բացումը այդ բանի վկայությունն են: Այս մարդիկ բազմատաղանդ են, և եթե մենք
նրանց հնարավորություն տանք և ստեղծենք պայմաններ, գուցե մտքի և գործի մի այնպիսի պոռթկում
լինի, որ մեր երկիրն ավելի արագորեն կարողանա զարգանալ»,- նշեց Իգոր Մկրտումյանը:
Գրող
հրապարակախոս Զորի Բալայանը խոսեց իր զգացողությունների մասին. «Միշտ և անընդհատ զարմանում
եմ, երբ գալիս եմ այստեղ: Նրանք չեն տեսնում, բայց բազմաթիվ բարձունքներ են հաղթահարել՝
շախմատի չեմպիոններ են, գրողներ են, երգիչներ, պրոֆեսորներ, մարզիկներ... Ես կարծում
եմ, որ մենք պետք է շատ հաճախ գանք այստեղ: Գանք որչ թե միայն զարմանալու, այլ ուրախանալու:
Երջանիկ եմ այս պահին, երբ դուք ստացաք ևս մեկ հնարավորություն, որպեսզի կապը լինի
արդեն ողջ մոլորակով»:
Նշենք,
որ համացանցային ռադիոյի բացումը մեկնաբանվեց նաև Արմենիա և Շանթ հեռուստաընկերություններով,
ինչպես նաև Նոյան տապան լրատվական գործակալության միջոցով:
Ռադիո
Մենքի թիմն ամենաուրախն էր այսօր, քանի որ նրանց երազանքներից մեկը արդեն իսկ իրականություն
է: Նրանք այսուհետ հնարավորություն կունենան խոսելու այն ամենի մասին, ինչը կարևոր
կլինի թե՛ իրենց, թե՛ ողջ հասարակության համար: «Ես ցանկանում եմ, որ այս ռադիոն լինի
հասարակության մեջ ձևավորված սխալ կարծրատիպեր կոտրող մի զենք: Նաև ցանկանում եմ, որ
այն չտեսնողները, ովքեր դեռևս փակված են տներում, մեր ռադիոյի շնորհիվ ոգևորվեն: Ոգևորվեն
թե՛ այստեղ գտնվող մեր ավագ սերնդի, թե մեր՝ երիտասարդներիս օրինակով: Հուսով եմ, որ
բոլորս ապագայում ականատես կլինենք մեր ռադիոյի հաջողություններին: Ես ուրախ եմ, որ
տեսողության խնդիրներ ունեցող երիտասարդները համախմվել են և միասին ծավալում են գործունեություն»-
նշեց Ռադիոյի ստեղծագործական թիմի ներկայացուցիչ Սիփան Ասատրյանը:
Իսկ
Անդրանիկ Քոչարյանը ողջ թիմի կողմից շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակիցներին՝
Իգոր Մկրտումյանին, Յուրի Ավետիսյանին, Արմեն Ազարյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր
«թև ու թիկունք» եղան այս գաղափարների իրականացման գործին:
Միջոցառման
պաշտոնական բացումից հետո կտրվեց ձայնագրման ստուդիայի կարմիր ժապավենը, որից հետո
համացանցային ռադիո Մենքի ստեղծագործական թիմն ու նրանց ընկերները ժամեր շարունակ գեղեցիկ
համերգային ծրագրով, երգ ու պարով հանդես եկան, գինու լի գավաթներով շնորհավորեցին
միմյանց՝ այս նոր նախաձեռնության իրականացման կապակցությամբ:
Մաղթենք
թիմին կորով, ջանասիրություն: Եվ թող նրանք կարողանան հպարտությամբ տանել իրենց ուսերին
վերցրած այս գործը և կարողանան դիմակայել առաջիկա մարտահրավերներին:
Բարի
երթ, ռադիո Մենք: